Ոչ մի զարմանալի բան չկա, որ ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը չեն մասնակցել ԱԺ արտահերթ նիստին, քանի որ երկու կուսակցություններն էլ չէին մասնակցել դրա ստորագրահավաքին եւ նպատակահարմար չենք գտնում Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

«Մենք մտադիր չենք քննարկել երկրի համար այդքան կարեւոր հարցերը հապշտապ եւ նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ բոլորը զբաղված կլինեն ընտրարշավով։ ՀՀԿ-ն չի դառնա խորհրդարանական ընդդիմության կազմակերպած քաղաքական շոուի եւ ֆարսի մասնակից։ Ընդդիմության նպատակը ժողովրդի ուշադրությունը նախագահական ընտրություններից շեղելն է»,- ասաց Հովհաննես Սահակյանը։

Նա նաեւ նշեց, որ  Ընտրական օրենսգրքում նախատեսված են փոփոխություններ, սակայն ընդունված նորմերի համաձայն դրանք կատարվում են համընդհանուր ընտրություններից  առնվազն վեց ամիս առաջ։