Իտալական քաղաքների քաղաքապետերը նոյեմբերի 21-ին Միլանում երկարաժամյա ցույց են անցկացրել՝ բողոքելով տնտեսման խիստ միջոցների դեմ:

Տարբեր տվյալներով, ցույցին 400-ից 1000 քաղաքապետ է մասնակցել:

Քաղաքագլուխները, որոնց շարքում են եղել Հռոմի, Միլանի, Վենետիկի քաղաքապետերը, փողոց են դուրս եկել խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ եւ հայտարարել, որ փաստաթուղթը առկա տարբերակով ընդունվելու դեպքում իրենք հրաժարական կտան: Փաստաթուղթը պետական ծախսերի եւ տեղական կառավարման մարմինների ֆինանսավորման կրճատում է նախատեսում:

Իտալական քաղաքների ղեկավարների խոսքով՝ փաստաթղթի ընդունման դեպքում տարածքային կառավարման մարմինները կհայտնվեն դեֆոլտի սահմանագծին եւ չեն կարող քաղաքացիներին անհրաժեշտ ծառայություններ մատուցել, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Rbc-ն գրում է, որ ցույցն անցկացվել է «Ազատագրեք քաղաքները Հիմարության դաշնագրից» (Կառավարության առաջարկած Կայունության դաշնագիրը) կարգախոսով:

«Կայունության դաշնագիրը», մասնավորապես, ԱԱՀ-ի մեկ տոկոսի ավելացում է նախատեսում: Հաջորդ տարվա ամռանն այն կկազմի 22 տոկոս: Բացի այդ, օրինագիծը պետական գանձարանից գումարների բաշխումը կարգավորող գործիք կդառնա: