Այցով Պակիստանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հետ սահմանին Patriot հրթիռների տեղակայման վերաբերյալ հայտարարությունը զարմացրել է թուրքական հասարակությանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման եւ Սիրիայի հետ սահմանին Patriot հրթիռներ տեղադրելու համար Թուրքիայի խորհրդարանի որոշման կարիքը չկա։ «4-րդ կետի համաձայն՝ Թուրքիայի հողերը նաեւ ՆԱՏՕ-ի հողերն են։ Հրթիռների համար ՆԱՏՕ-ին դիմում է տրվել, ըստ դրա ՆԱՏՕ-ն որոշում կկայացնի»,-ասել է Էրդողանը։

Այն հարցին, թե Սիրիայի հետ սահմանի որ մասում են տեղակայվելու Patriot հրթիռները, Թուրքիայի վարչապետը նշել է, թե դրանց տեղակայման վայրը որոշելու է Թուրքիայի զինված ուժերը։ Նա նաեւ չի նշել, թե ՆԱՏՕ-ն ինչքան զորք է ուղարկելու Թուրքիա՝ շեշտելով, թե այդ թիվն այդքան էլ էական չէ։

Milliyet-ի բազմաթիվ ընթերցողներ այս տեղեկության տակ թողել են քննադատական մեկնաբանություններ։ Նրանցից մեկը գրել է. «Մինչ հիմա գիտեինք, թե Թուրքիան անկախ հանրապետություն է, սակայն նոր հասկացանք, որ այն միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ի հողն է։ Փաստորեն, անկախ Թուրքիան երազանք է»։