Արգենտինայում կայացվել է բրիտանացի ֆիզիկոս Փոլ Ֆրեմփթոնի դատավճիռը, որը թմրանյութերի առաքիչ էր դարձել իգական սեռի հանդեպ ունեցած իր թուլության պատճառով: Թմրամաֆիային հաջողվել է հրապուրել գիտնականին` որպես խայծ օգտագործելով 32-ամյա հայտնի մոդել Դենիզ Միլանիի լուսանկարները եւ անձնական տվյալները, որը համաշխարհային մրցույթում նվաճել էր Միսս Բիկինի տիտղոսը:
68-ամյա պրոֆեսորը ճաղերի հետեւում կանցկացնի չորս տարի եւ ութ ամիս՝ 2 կգ կոկայինի մաքսանենգության համար, գրում է The Daily Mail թերթը:
Ըստ դատապարտյալի` ինքը 11 ամիս վստահ է եղել, որ համացանցով շփվում է փարթամ կրծքով գեղեցկուհի Դենիզ Միլանիի հետ: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների պրոֆեսորը թողել է ամեն ինչ եւ 2012 թ. հունվարին մեկնել Բոլիվիա` իր վիրտուալ սիրո հետ հանդիպման:
Լա Պասում Ֆրեմփթոնին տղամարդ է դիմավորել, որը հայտնել է, որ մոդելն արդեն մեկնել է, սակայն թողել է իր ճամպրուկը եւ խնդրել է այն հասցնել իրեն: Հաջորդ օրը Փոլ Ֆրեմփթոնը ճամպրուկով թռել է Բուենոս Այրես, սակայն այնտեղ ոչ մի Դենիզա Միլանի էլ չի եղել: Գիտնականին հայտնել էին, որ գեղեցկուհին նրան հիմա էլ Բրյուսելում է սպասում:
Դասախոսը 36 ժամ անցկացրել է օդանավակայանում՝ սպասելով, թե երբ է Դենիզան իրեն էլեկտրոնային տոմս ուղարկելու: Հետո Ֆրեմփթոնը մտքափոխվել է եւ որոշել է Եվրոպա մեկնելու փոխարեն Պերուով վերադառնալ ԱՄՆ: Նա իր հետ վերցրել է նաեւ «Դենիզայի իրերով» ճամպրուկը: Օդանավակայանում Բոլիվիայում նրան հանձնված փոքրիկ ճամպրուկում նվերի փաթեթի մեջ 2 կգ կոկային են հայտնաբերել, հայտնում է NEWSru.com-ը:
Դատախազ Մարիո Վիլարը կարդացել է գիտնականի` «իր ընկերուհի Դենիզ Միլանի» հետ ունեցած նամակագրությունից հատվածներ: Այդ նամակները բացահայտել են Ֆրեմփթոնի հանցավոր մտադրությունները: Նա իմացել է ճամպրուկի իրական պարունակության մասին:
Դենիզ Միլանին ցնցված է, որ իր անունը եւ գեղեցկությունը օգտագործվել են հանցագոծների կողմից: Իսկ Փոլի նախկին կինը՝ 71-ամյա Էնն Մարի Ֆրեմփթոնը, ամուսնուն անվանել է միամիտ հիմար։





























