Մեծահարուստ մի շարք հայեր գերադասում են Հայաստանում գործ չսկսել՝ խաբված լինելու մտավախության պատճառով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 22-ի մամուլի ասուլիսում հայտնել է ռուս գործարար, հայկական «Անսուր Ինվեստ» շինընկերության հիմնադիր Ալեքսեյ Կորեպանովը: Ընկերությունը զբաղվում է Երեւանում էլիտար շենքերի շինարարությամբ: Ներդրված 5 մլն դոլարը Կորեպանովը վստահել է ընկերոջը՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանին, որը չարաշահել է իր հանդեպ վստահությունը, անբարեխղճորեն է տնօրինել վստահված գումարը: Բացի այդ, կարողացել է ընկերության 33%-ը գրանցել մոր՝ Լյուբով Փիլոյանի անվամբ, թեեւ ինքը նախագծում ներդրում չէր կատարել: Այժմ ընկերությունը Տեր-Հովսեփյանին դատի է տվել՝ 8 մլն դոլարի պարտավորեցման հայցով, Տեր-Հովսեփյանն էլ Կորեպանովից 900 հազար դոլար է պահանջում:
«Ես ծանոթ հայեր ունեմ, որոնք չեն ցանկանում գործ սկսել Հայաստանում՝ վախենալով, որ կխաբվեն: Այնուամենայնիվ, ես լավատեսորեն եմ տրամադրված. այս երկրում կարելի է աշխատել եւ օրինական վաստակել: Պարզապես գնալով համոզվում ենք, որ դատարանի վրա ճնշում է գործադրվում: Եթե մեր դեմ վճիռ կկայացվի, ես մտադիր եմ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ես չեմ ցանկանում պետությանը դատի տալ, ես ցանկանում եմ վերադարձնել իմ ապօրինի յուրացված փողերը, եւ հուսով եմ, որ հետագայում եւս կարող եմ աշխատել Հայաստանում», – հավելել է գործարարը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2011 թ. սեպտեմբերի սկզբին Կորեպանովը բաց նամակով դիմել էր նախագահին, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին եւ Հայաստանի արդարադատության խորհրդի նախագահին` խնդրելով ապահովել իր ներկայացրած դատական հայցի դատավարության բնական ընթացքը:





























