Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կատարել է ժողովրդին տված իր առաջին խոստումը՝ «վերականգնել երկրում արդարության զգացումը»: Այս մասին նա նշել է այսօր՝ նոյեմբերի 22-ին, վարչապետի պաշտոնում իր առաջին ասուլիսի ժամանակ:

Նա հայտարարել է, որ ոստիկանության եւ դատախազության համակարգերում բռնի գործողությունները, որոնք եղել են նախկին իշխանության ընթացքում, այս պահին արմատախիլ են արված:

«Նոր համակարգի ձեւավորման գործընթացը շարունակվում է: Հնարավոր է, այն իդելական չի ընթանում, բայց, ընդհանուր առմամբ, նորմալ է»,-ասել է Իվանիշվիլին, հավելելով, որ պատիժների կատարման համակարգում իրավիճակը նույնպես կայուն է:

Ինչ վերաբերում է դատական համակարգին, Իվանիշվիլին խոստովանել է, որ այստեղ «որոշակի խնդիրներ կան» եւ շարունակել, որ այն պետք է դառնա արդյունավետ եւ արդար:

Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր թիմը չի նախատեսում երկրի նախագահ Սահակաշվիլիի պաշտոնանկության գործընթաց սկսել, սակայն նախատեսում է արագացնել խորհրդարանի եւ վարչապետի լիազորությունների ընդլայնումը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների համաձայն, խորհրդարանի եւ վարչապետի լիազորությունները պետք է ընդլայնվեն նախագահի հերթական ընտրություններից հետո, այնինչ Իվանիշվիլին ցանկանում է, որ այդ դրույթներն ավելի շուտ մտնեն ուժի մեջ: Նախագահի ընտրությունները Վրաստանում կկայանան 2013 թվականի հոկտեմբերին:

Իվանիշվիլին նաեւ հայտարարել է, որ, հնարավոր է, վերանայի 1,5 տարի անց քաղաքականությունից հեռանալու իր որոշումը, եթե իր թիմը չկարողանա այդ ընթացքում լուծել իր առջեւ դրված խնդիրները: