Հանրապետական կուսակցության գլխավոր խնդիրը ոչ միայն մասնակցությունն է եւ հաղթանակը նախագահական ընտրություններում, այլ նաեւ դրանց ազատ, արդար եւ թափանցիկ անցկացումը։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

Անդրադառնալով քաղաքական ուժերի վերջին կոնսուլտացիներին՝ Հովհաննես Սահակյանը նշեց, որ այդ բանակցությունները հիմք չունեն. «Միասնական թեկնածուի կամ համատեղ քայլերի մասին խոսք լինել չի կարող, բայց բոլորն անցկացնում են կոնսուլտացիաներ, բանակցություններ, քննարկում են ինչ-որ հարցեր։ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը» առաջարկություններ են արել առանձին-առանձին։ Եթե նրանք բոլոր առաջարկները միավորեին եւ արտահայտեին միասնական տեսակետ, ապա ես կարձանագրեի, որ անցկացվում են կոնսուլտացիաներ կամ բանակցություններ։ Իսկ այսպես ստացվում է, որ այդ քաղաքական ուժերը, չունենալով առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու օրակարգ, սեփական բանաձեւեր եւ տեսլականներ, փորձում են տեղ գտնել գոյություն ունեցող ներքաղաքական իրավիճակում եւ օրակարգում»։

 

Հովհաննես Սահակյանի խոսքով, Սերժ Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանելու հարցում «Բարգավաճ Հայաստանը» դեռեւս չի ներկայացրել հստակ տեսակետ, իսկ կուսակցությունը գտնվում է քննարկումների գործընթացում։

Պատգամավորն ընդգծեծ, որ ուժեղ, կազմակերպված, կայացած կուսակցությունները սեփական թեկնածուի մասին հայտարարում են ընտրություններից շատ շուտ։ Նա նաեւ նշեց, որ ներքին ռեսուրսի, կուսակցական եւ կազմակերպական կարգապահության, համախոհների եւ ժողովրդից եկող դրական ազդակների շնորհիվ ՀՀԿ-ն պատրաստ է ընտրության գնալ սեփական ուժերով։

ՀՀԿ-ի շարքերում ԲՀԿ-ի քողարկված համակիրների ներկայության հավանականության մասին եւ նրանց թվում Հովիկ Աբրահամյանի լինելու մասին հարցին՝ Հովհաննես Սահակյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանը հին հանրապետական է, որը մեծ ներդրում ունի կուսակցության կայացման, կուսակցական կառույցների հզորացման գործում։ Այդ բոլոր խոսակցությունները մամուլի սադրանքն է»։