Հակահայկական PR-ակցիաների անցկացման համար ադրբեջանական քարոզչամեքենային մարդասպաններն այլեւս չեն բավարարում, եւ «օգնության» են հասել հոգեկան հիվանդները:

Ռամիլ Սաֆարովի հետ կապված ամոթալի պատմությունը որոշ չափով մոռացվել է, եւ նոր «ռեսուրսներ» են անհրաժեշտ: Այդպիսին է խոստանում լինել նորահայտ  եւ անհայտ ծագմամբ «հերոսը»` կամ թուրքահպատակ ադրբեջանցի  կամ ադրբեջանահպատակ թուրք  Գելենդեր Բայրամլին, ով մտադիր է ուխտագնացություն իրականացնել դեպի Հայաստան:

Հիմարության աստիճան անհեթեթ նախաձեռնությունը`ոտքով ուխտագնացություն իրականացնել դեպի Հայաստան, հայտարարելու համար, որ «հայերը Խոջալուում ցեղասպանություն են իրականացրել», տիրաժավորել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից: Ի դեպ, Բայրամլին մեկ անգամ արդեն երկար անցում կատարել է` այս տարվա մայիսին Անկարայից ոտքով մինչեւ Ադրբեջան հասնելով:

ԱՊԱ-ն վկայակոչելով «Իխլաս» գործակալությանը, տեղեկացնում է , որ Բայրամլին հայտարարել է, թե «չի վախենում հայերից, եւ շարունակելու է իր արշավները մինչեւ օկուպացված տարածքների վերադարձը»:

Եթե հավատանք ադրբեջանական մամուլին, ոտքով զբոսանքների սիրահարն արդեն ճանապարհ է ընկել եւ  նախատեսում է Երեւան հասնել փետրվարի 25-ին: Օրվա ընթացքում նա նախատեսում է  անցնել 15 – 20 կմ:  Հայաստանի մայրաքաղաքում նա պատրաստվում է  ուղիղ այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր  եւ հայերին մի շարք մեղադրանքներ ներկայացնել` ադրբեջանցիներին սպանելու վերաբերյալ:

Գոյություն ունի արդյոք իրականում PR-արշավների սիրահար Բայրամլին, հասկանալի պատճառներով ճշտելն անհնար է:  Պարզ է մի բան. ակնհայտ է հակահայկական դեմարշ կազմակերպելու հերթական փորձը`թեկուզ կասկածելի  անձանց մասնակցությամբ: