Մոսկվան տագնապալի ազդանշան է համարում թուրք-սիրիական սահմանի ավելորդ ռազմականացումը: Այդ մասին նոյեմբերի 22-ի ճեպազրույցում նշել է Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը՝ մեկնաբանելով Սիրիայի հետ սահմանին հակաօդային պաշտպանության Patriot համակարգ տեղակայելու հարցով  Թուրքիայի իշխանությունների դիմումը ՆԱՏՕ-ին:

«Երեկ նման հարցում էր արվել… Ես դժվարանում եմ տեսականորեն մեկնաբանել, թե ինչ տեղի կունենա, տեսնենք, թե ինչպես կարձագանքեն ՆԱՏՕ-ի գործընկերները: Սակայն միանշանակ կարող եմ ասել` դուք արդեն տեսել եք նախարարի տեղակալ պարոն Ռյաբկովի մեկնաբանությունը, որ թուրք-սիրիական սահմանի ռազմականցումը ահազանգ է, եւ  մեր խորհուրդը թուրք գործընկերներին բոլորովին այլ է` իրենց ազդեցության ներուժն օգտագործել սիրական ընդդիմության վրա ազդելու համար, որպեսզի նպաստեն ներսիրիական երկխոսության սկսվելուն, այլ ոչ թե զբաղվեն մկանների փքմամբ եւ իրավիճակը վտանգավոր հունով տանեն», - ասել է նա:

Ավելի վաղ`  1991 եւ 2003 թթ., իրաքյան առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակ, Patriot համակարգերը երկու անգամ տեղակայվել էին թուրքական տարածքում, սակայն այդպես էլ ըստ նշանակության չէին կիրառվել, նշում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ նախօրեին Անկարան ՆԱՏՕ-ին էր դիմել Թուրքիա ժամանակակից Patriot ՀՕՊ համակարգեր առաքելու խնդրանքով` դրանք Սիրիայի հետ սահմանին տեղակայելու համար:  Ավելի վաղ ՆԱՏՕ-ի անդամ երկրները տվյալ հարցում Թուրքիային աջակցելու պատրաստակամություն էին հայտնել:

Այսօր թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Patriot համակարգերը կարող են երկիր բերվել 15 օրվա ընթացքում: Նշվել է, որ Գերմանիան Թուրքիային կարող է Patriot-ի (PAC-3) չորս մարտկոց փոխանցել: Դրանց սպասարկման համար գործի կդրվի գերմանական  160 հոգանոց անձնակազմ: