Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում նոյեմբերի 22-ին կայացել է «Ժառանգություն» կուսակցության եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հանդիպումը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։ «Ժառանգության» գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Էդուարդ Համբարձումյանը, «Ժառանգությունից»՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը։
Հանդիպմանը քննարկվել են ՀՅԴ առաջարկած յոթ կետերը։ Խուրշուդյանը նշեց, որ քննարկած կետերից մեծ մասն ընդունելի է «Ժառանգության» համար, սակայն հրաժարվեց հայտնել, թե որ կետերը չեն համընկնում կուսակցության տեսակետի հետ։ Հանդիպման արդյունքները կներկայացվեն «Ժառանգության» ղեկավար մարմնին, որից հետո որոշում կընդունվի։
Խուրշուդյանը չի բացառել հետագայում դարձյալ հանդիպելու հնարավորությունը։
Հիշեցնենք ՀՅԴ-ի առաջարկած յոթ կետերը նախագահական ընտրությունների առաջ։
1. Ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իշխանության ձեւավորումն ու փոփոխությունը երաշխավորող ընտրական համակարգ. բացառել ընտրակաշառքը, պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը, անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի։
2. Մինչեւ 2015թ. ավարտը նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ` կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու նպատակով:
3. Իշխանություններին վերահսկելու եւ հակակշռելու նպատակով` օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը։ Մասնավորապես` Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների, ինչպես նաեւ ստեղծվելիք հակակոռուպցիոն գործակալության ղեկավարումը վերապահել ընդդիմությանը: Վերահսկիչ պալատի խորհրդում ընդդիմությանը քվոտա ամրագրել:
4. Հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապահովել դատական իշխանության լիարժեք անկախությունը։ Արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը` նպատակ դարձնելով նոր աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը եւ աղքատության վերացումը:
5.Ամրագրել պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարությունը հավասար հնարավորություններով հասարակության կայացման, բարիքների ստեղծման ազատությունը եւ դրանց բաշխման արդարությունը ապահովելու գործում: Սոցիալական քաղաքականության հիմքում դնել կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը:
6. Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության եւ ինքնուրույնության ապահովումը:
7. ՀՀ եւ ԼՂՀ միջեւ կնքել ռազմաքաղաքական դաշինք: Ամրագրել, որ հիմնախնդրի լուծման հիմքը Արցախի բնակչության համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքն է: Բանակցություններում ապահովել ԼՂՀ կարգավիճակի եւ անվտանգության առաջնայնությունը:
Ետ կանչել ՀՀ ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել` մեկնելով ազգային անվտանգության ռազմավարությունից, չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման, պատմական արդարության վերականգնման հեռանկարը:




























