ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ՀԱՊԿ անդամ պետություններին կոչ է արել արագացնել կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի մասին համաձայնագրի նախագծի ավարտը: Այդ մասին նա հայտնել է Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նիստում, որին մասնակցում էին  կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները: «Մեր առաջնահերթ խնդիրներից է ՀԱՊԿ ԽՎ-ի գործունեության ինստիտուցիոնալացման գործընթացի ավարտը: Այդ կապակցությամբ ձեզ կոչ եմ անում լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի փաստաթուղթն ընդունվի 2012 թ. դեկտեմբերի 19-ին` ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նստաշրջանում», - ասել է նա:

Իր հերթին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ընդգծել է ՀԱՊԿ ԽՎ-ի համատեղ նիստերի անցկացման կարեւորությունը՝ Անվտանգության խորհուրդների քատուղարների մասնակցութամբ:  Նա հույս է հայտնել, որ այդ ձեւաչափը օգտակար եւ արգասաբեր կլինի, հաղորդում է rbc-ն:

Սերգեյ Նարիշկինը նաեւ առաջարկել է ընդլայնել ՀԱՊԿ ԽՎ-ի  ձեւաչափը` աշխատանքում ընդգրկելով արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին:

«Մենք աշխատում ենք ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ: Դա առաջին փորձն է, եւ կարծում եմ, այն հաջող է անցել», - նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է Ս. Նարիշկինը, հաղորդում է «Ինտերֆաքս-Զապադը»:

«Մենք նման մարտավարությունը կշարունակենք. Համատեղ նիստեր կանցկացնենք ոչ միայն Անվտանգության խորհրդի քարտուղարների, այլեւ ՀԱՊԿ այլ մարմինների ներկայացուցիչների հետ՝ ՀԱՊԿ Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության  նախարարների խորհրդի», - ասել է խոսնակը:

Պետերբուրգոմ ընթանում է ՀԱՊԿ ԽՎ-ի նիստը: Առաջին անգամ նիստն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակիցները մասնավորապես քննարկել են Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման հետեւանքները եւ այդ երկրում իրադրության հնարավոր սրման դեպքում անվտանգության համակարգերի ուժեղացումը: