Նոյեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է  Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Պրիիտ Տուրկին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարության ընթացքում հայ-էստոնական հարաբերությունները առավել կզարգանան, եւ վստահեցրել, որ ԱԳՆ-ն մշտապես կաջակցի երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին: Նախարարը գոհունակություն է հայտնել երկու երկրների արտգործախարարությունների միջեւ պարբերական շփումների եւ համագործակցության կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Տուրկը նշել է, որ ջանք չի խնայի երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու եւ ընդլայնելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական, առեւտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի  եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԵՄ- Հայաստան շրջանակներում ընթացող փոխգործակցության շուրջ։