Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի եւ ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են հավաքական անվտանգության խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության, ինչպես նաեւ Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման հետեւանքերի եւ իրավիճակի հնարավոր սրման դեպքում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանն առնչվող հարցեր:

Նիստում ելույթով հանդես է եկել Արթուր Բաղդասարյանը, ով ընդհանուր գնահատական է տվել Աֆղանստանի հետ կապված իրավիճակին եւ անդրադարձել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:

Դրանք վերաբերում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների միջեւ ռազմարդյունաբերական ոլորտում փոխգործակցության, միջպետական մակարդակով ընդունված որոշումների իրականացման ապահովման ու իրավական աջակցության, տեղեկատվության փոխանակման ոլորտում մեխանիզմների ներդրմանն ու կատարելագործմանը:

Իր ելույթում Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է նիստի մասնակիցներին, որ 2013 թվականին կկազմակերպվի եւ կանցկացվի «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությունը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Երեւանում: