ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրահայտ երգիչ Իոսիֆ Կոբզոնը որեւէ  առնչություն չունի Երեւանի «Դվին» հյուրանոցի հետ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ինքը՝ Կոբզոնը (ֆոտոռեպորտաժ)։

«Ցավոք, Դվին հյուրանոցն իմը չէ»,- ասաց Կոբզոնը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ըստ շրջանառվող  լուրերի, «Դվին» հյուրանոցը նրանն է։

Ասուլիսին ներկա «Սոզվեզդիե» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանն  տեղեկացրեց, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում սկսվելու է «Դվին» հյուրանոցի վերանորոգումը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է նա  վերաբերվում Կարապի լճի մոտ տեղադրված Առնո Բաբաջանյանի արձանին, Կոբզոնն ասաց. «Շատ մտերիմ եմ եղել Առնո Բաբաջանյանի հետ: Նայում եմ այդ հուշարձանին ու զգում Առնոյին, նրա էմոցիաները, էներգետիկան, հիանալի հուշարձան է: Ով ճանաչում է Առնոյին, այդ կարծիքին է»։

Ինչ վերաբերում է Մաշտոցի պողոտայում գտնվող Ա. Բաբաջանյանի բնակարանին, որը տարիներ առաջ գնելու ու այն թանգարանի վերածելու ցանկություն էր հայտնել  Կոբզոնը, նա նշեց. «Առնո Բաբաջանյանն այն արվեստագետներից է, ով պետք է ունենա իր թանգարանը: Ես հիմա էլ պատրաստ եմ այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ,  բայց Արայիկը ( Բաբաջանյանի որդին- խմբ.) վաճառել է այդ տունը: Ով է գնել, ես չգիտեմ: Բայց պետք է հանդիպեմ Արայիկի հետ ու պարզեմ»։