Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հեռանկարում չի բացառել աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք կարող են արագացնել երկրի «տարածքային ամբողջականության վերականգնումը»:

 «Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքային ամբողջականության շուրջ բանակցությունները երկարատեւ գործընթաց են, եթե մինչ այդ մեր եւ Ռուսաստանի շահերը չհամընկնեն կամ էլ եթե աշխարհաքաղաքականությունն այնպես չփոխվի, որ Ռուսաստանին անձամբ ձեռնտու չլինի առանձնացած տարածքների գոյությունը:  Ես չեմ բացառում եւ հուսով եմ, որ նման գործընթացները կարագացնեն այդ գործընթացը», - հայտարարել է վարչապետը:

Ինչ վերաբերում է «Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման դասական տարբերակին», ապա դա, ըստ Իվանիշվիլիի, ենթադրում է «երկիրը շատ հետաքրքիր դարձնել, մշտական կապի մեջ լինել օսերի եւ աբխազների հետ, նրանց ժողովրդական դիվանագիտության ճանապարհով համոզել, որ երկրում  իշխանության է եկել իրական ժողովրդական կառավարություն, որը նրանց անկեղծության ձեռք է մեկնում», հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Իվանիշվիլին նաեւ նշել է, որ ռուսական շուկայում վրացական արտադրանքի հայտնվելու համար «մնացել է միայն տեխնիկական հարցեր լուծել»:

Ըստ վարչապետի` այն, որ  վրացական արտադրանքը ավելի շուտ չի վերադարձել ռուսական շուկա, պայմանավորված է Վրաստանի նախկին իշխանությունների համապատասխան ցանկության բացակայությամբ: