BBC-ի գլխավոր տնօրեն է դարձել Թոնի Հոլը, ով ավելի վաղ ղեկավարել է կորպորացիայի նորությունների ծառայությունը:

Հոլը, ով ներկայումս կրում է Բիրքենհեդյան բարոն տիտղոսը, նախկինում գլխավորել է Բրիտանական հեռարձակող կորպորացիայի նորությունների ծառայությունը, իսկ հիմա զբաղեցնում է Լոնդոնի արքայական օպերայի տնօրենի պաշտոնը, հաղորդում է Pravda.ru-ն:

2012 թվականին նա նաեւ նշանակվել է Channel 4 առեւտրային հեռուստաալիքի կառավարչի տեղակալ:

Հիշեցնենք, որ BBC-ի նախկին գլխավոր տնօրեն Ջորջ Էնթուիսլը հրաժարական է տվել սկանդալից հետո, որը հասունացել էր Newsnight ծրագրի հերթական թողարկման եթեր հեռարձակելուց հետո:

Թողարկման ժամանակ, մանկապիղծների գործողությունների արդյունքում տուժածներից մեկը՝ Սթիվ Մեսը պատմել է, որ Ուելսում մանկատան սաների նկատմամբ սեռական գործողություններին մասնակցել է Բրիտանիայի պահպանողական կուսակցության բարձրաստիճան անդամներից մեկը:

Լորդ Մաքելայնը մեղադրանքը զրպարտություն է համարել, իսկա վելի ուշ Սթիվ Մեսը հրաժարվել է իր խոսքից ու ներողություն խնդրել լորդ Մաքելայնից:

Ջորջ Էնթուիսլը նույնպես ներողություն է խնդրել Մաքելայնից ու պարզաբանել, որ չի դիտել հաղորդումը եթեր հեռարձակելուց առաջ: Դրանից մի քանի օր անց նա հրաժարական է տվել BBC-ի գլխավոր տնօրենի պաշտոնից: Նա այդ պաշտոնում աշխատել է ընդամենը 54 օր: