Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանն, ով տառապում է արյան հիվանդությամբ, բուժման նպատակով տեղափոխվել է Ռուսաստան, սակայն հնարավոր է բուժումը դադարեցնեն, քանի որ ՊՆ-ն չի փոխանցում խոստացված 3 միլիոն դրամը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Քոչարյանի Հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը:
Նրա խոսքով, հիվանդությունն ի հայտ է եկել երկու ամիս առաջ, ծառայության ընթացքում: «Տվյալ հիվանդության բուժումը Մոսկվայում արժե 67 հազար դոլար: ՊՆ-ն պարտավորվել է տրամադրել 3 միլիոն դրամը, սակայն մի քանի օր է, ինչ չեն փոխանցել: Բժիշկները ցանկանում են ընդհատել բուժումը, ասում են. «10 օրից ավելի է, ձեզ հարգելով սպասում ենք, որ գումարը փոխանցեն, բայց չի լինում»: Զանգ եմ տվել նախարարություն, ասացին մեկ ժամվա ընթացքում կպատասխանենք եւ ժամեր էր անցել պատասխան չկա»,-հուսահատ հայտնեց Արթուր Քոչարյանի հայրը: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, արձագանքելով վերը նշված խնդրին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց.«Եթե Պաշտպանության նախարարության որեւէ պաշտոնատար անձ խոստացել է այդ գումարը փոխանցել, ապա այն կփոխանցի: Իսկ ժամկետների մասով չեմ կարող մեկնաբանություններ տալ»:




























