Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, սուրբ Գեւորգի օրվա՝ Գեորգոբայի, կապակցությամբ (նշվում է նոյեմբերի 23-ին), ներում է շնորհել 519 բանտարկյալների: Այս մասին լրագրողներին հայտնել է ներման պետական հանձնաժողովի նախագահ Ելենա Թեւդորաձեն: Նրա խոսքով, 519 բանտարկյալներից 43-ը կին են: Անչափահաս բանտարկյալների վրա ներումը չի տարածվել:
Ընդհանուր առմամբ, ներման պետական հանձնաժողովը քննել է 1400 գործեր, որոնց կեսի դեպքում ներում շնորհելու առաջարկ է արել: Ներման առաջարկներով երկրի նախագահին են դիմել նաեւ Վրաստանի պատրիարքությունն ու Գլխավոր դատախազությունը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Միաժամանակ, Պատժից վաղաժամկետ ազատման հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշել է ազատ արձակել 115 բանտարկյալների, կրկին Գեորգոբա տոնի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է պատիժների կատարման եւ իրավաբանական օգնության նախարարության մամուլի ծառայությունը:
Սուրբ Գեւորգի օրը Վրաստանում պետական տոն է համարվում եւ ոչ աշխատանքային է: Գեորգոբան Վրաստանում նշում են տարեկան երկու անգամ՝ նոյեմբերի 23-ին եւ մայիսի 6-ին:



























