Պաղեստինը, ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու դեպքում, մտադիր է դիմել Միջազգային քրեական դատարան (Հաագայում)՝ պահանջելով պատժել պաղեստինյան տարածքներում իսրայելական բանակի «Ամպամած սյուն» ռազմական գործողության համար պատասխանատուներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Պաղեստինի ազատագրության կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Սալեհ Ռաֆաթը:

Հիշեցնենք, որ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը նոյեմբերի 29-ին կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով Պաղեստինն ընդունել որպես ՄԱԿ-ում դիտորդ պետություն: Դրանից հետո Պաղեստինն իրավունք կունենա դիմել Միջազգային քրեական դատարան, նշել է Ռաֆաթը:

Նա հայտարարել է, որ Պաղեստինի ազատագության կազմակերպությունը ողջունում է Իսրայելի եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ հրադադարի հաստատումը, սակայն տեղի ունեցած հակամարտությունը համարում է Իրանին հարվածելու հնարավոր նախապատրաստություն:

Ռաֆաթի խոսքով, Իսրայելն այդկերպ հարվածում է Թեհրանի դաշնակիցներին, գիտակցելով, որ Իրանին հարվածելու համար ուժերը հիմա բավարար չեն: Նա չի բացառել, որ պաղեստինցիներն Իսրայելի դեմ նոր գործողություններ կիրականացնեն դեկտեմբերի սկզբին, եթե Իսրայելը փորձի նոր պատժամիջոցներ կիրառել Պաղեստինի նկատմամբ՝ վերջինիս ՄԱԿ-ի դիտորդ պետություն դառնալուց հետո: