Հայաստանի խոշոր թռչնաֆաբրիկաներից մեկը տապալել է եգիպտացորենի արտադրության ծրագիրը: NEWS.am –ին թռչնաֆաբրիկայում հայտնեցին, որ անցած երկու տարիներին իրենք ցանքի փորձնական տարածքներ են ընտրել Տավուշի մարզի սահմանամերձ Դիտավան եւ Արմավիրի սահմանամերձ  Վանանդ գյուղերում: 

Պատճառն անբարենպաստ պայմաններն են. Տավուշի լեռնոտ տեղանքում քիչ էին հարթ ցանքատարածքները, թեեւ կլիման հաջող էր այս մշակաբույսի համար եւ ստացվել էր հանրապետությունում միջին ցուցանիշը երկու անգամ գերազանցող բերք. հեկտարից 90 ցենտներ, այն դեպքում, երբ 2010թ. միջին  ցուցանիշը կազմել է 47 ցենտներ: Իսկ Վանանդում բերքը բավարար ծավալ չի ապահովվել:

Վանանդի գյուղապետ Սեյրան Սարգսյանը NEWS.am-ին ասաց, որ ծրագիրը բավականին հաջող էր ընթանում. «Բերք նրանք ավելի շատ ստացան, քան ֆերմերները, քանի որ ավելի շատ ներդրում էին կատարել, լավ գյուղտեխնիկա ունեին»:

Ինչպես նշեցին թռչնաֆաբրիկայում, նշված տեղանքից ֆերմերային եգիպտացորեն ձեռք բերելը շահավետ չէ` հաշվի առնելով ոչ միայն տրանսպորտային ծախսերն, այլեւ ինքնարժեքը: Ներկրված եգիպտացորենի մեկ տոննան արժե 120 հազ. դրամ, այն դեպքում, երբ  ֆերմերների համար նման գինը միայն կծածկի ծախսերը:

Նշենք, որ թեեւ  Հայաստանում ֆերմերների գյուղարտադրանքն ազատված է ԱԱՀ-ից, սակայն վերջնական ապրանքի վրա այն առկա է: