Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին Սահմանադրական նորացված հայտարարագրից հետո հրապարակել է «Հեղափոխության պաշտպանության մասին օրենքը», որը նախատեսում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ նրա համախոհների նկատմամբ դատավարությունների վերսկսում:
Բացի դրանից, ըստ նոր օրենքի, դատական մարմինները չեն կարող ցրել խորհրդարանի վերին պալատը եւ Սահմանադրական հանձնաժողովը, որը երկրի նոր հիմնական օրենքն է մշակում: Մուրսին նաեւ Մուբարաքի օրոք նշանակված դատախազին աշխատանքից հեռացնելու իրավունք է ստացել։
Օրենքում նաեւ ասվում է, որ Մուրսիի ընդունած բոլոր որոշումները մինչեւ խորհրդարանական նոր ընտրությունները չեն կարող բողոքարկվել կամ չեղյալ համարվել:
Մուրսիի ներկայացրած օրենքը արժանացել է նախագահի կողմնակիցների հավանությանը, սակայն ընդդիմությունն այն դժգոհությամբ է ընդունել: Եգիպտոսի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների եւ շարժումների առաջնորդները քաղաքացիներին կոչ են արել դիմակայել «Մուրսիի հեղաշրջմանը», հայտնում է BFM.RU-ն:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ նախօրեին նախագահի նշանակած նոր դատախազ Թալաաթ Իբրահիմ Աբդալան իր առաջին կարգադրությամբ վերացրել է դատարանի բոլոր նախկին վճիռները եւ կրկնակի գործընթաց է սկսել 83-ամյա Մուբարաքի եւ ՆԳՆ-ի նախկին ղեկավար Հաբիբ ալ Ադլիի դեմ, որոնք հունիսին դատապարտվել էին ցմահ ազատազրկման: Նման միջոցներ կկիրառվեն եւս վեց խոշոր ոստիկանական պաշտոնյաների նկատմամբ, որոնք այն ժամանակ արդարացվել էին, իսկ հինգը` ազատվել: Բացի դրանից մեղադրյալի աթոռին պետք է վերադառնան ուժային կառույցների 17 նախկին աշխատակից եւ 53 սպա, որոնք անմեղ էին ճանաչվել:





























