Վիեննայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 34-ամյա Էստիբալիս Կարանսային, որին անվանում են «սառցե մարդասպան»: Նա մեղավոր է ճանաչվել ամուսնու եւ սիրեկանի սպանության մեջ, որոնց անդամահատված մարմինները թաքցրել էր սեփական սրճարանի նկուղում: 

Կարանսան, որը երկքաղաքացիություն  ունի՝ Իսպանիայի եւ Մեքսիկայի, կուղարկվի հոգեբուժարան, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ 2008 թ. Կարանսան գլխին արձակած կրակոցով սպանել էր ամուսնուն: 2010 թ. նա սպանել էր քնած սիրեկանին: Սպանելուց հետո էլեկտրական սղոցով անդամահատել էր մարմինները եւ դրանք բետոնապատել Վիեննայի իր սրճարանի նկուղում: 

Նրա նախկին ամուսին Հոլգեր Հոլցի եւ սիրեկան Մանֆրեդ Հինտերբերգերի մարմինների մնացորդները հայտնաբերվել էին նախորդ տարի՝ սրճարանի վերանորոգման ընթացքում: Կարանսան երկրից տաքսիով փախել էր Իտալիա, սակայն նրան բռնել էին եւ մի քանի օր անց հանձնել:

Պաշտպանությունը հայտարարել էր, որ երկու սպանվածներն էլ ծաղրել են կնոջը: Վերջինս բացատրել է, որ ամուսինը ստորացրել է իրեն եւ ծաղրել գերմաներենի իր վատ շեշտադրությունը, իսկ սիրեկանն էլ մշտապես դավաճանել է իրեն: 

Դատական հոգեբույժը սահմանել է, որ Կարանսան հոգեկան լուրջ շեղումներ ունի: