Եվրամիության երկրների առաջնորդների գագաթաժողովն ուշացումով մեկնարկել է նոյեմբերի 22-ի երեկոյան։ 2014-2020թթ. բյուջեի վերաբերյալ որոշումը մասնակացիներն ընդունել չեն կարողացել։

Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտնել է, որ գագաթաժողովը կշարունակվի նոյեմբերի 23-ին։ Ավելի վաղ նա կանխատեսել էր, որ բարդ գագաթաժողով է սպասվում, հաղորդում է Gazeta.ru-ն։

Եվրամիության բյուջեի ծախսերը ֆինանսավորում են անդամ-երկրները։ Մեծ Բրիտանիան ու Գերմանիան պնդում են, որ ծախսերի հետագա ավելացումն անհնար է՝ հատկապես Բրյուսելի բյուրոկրատների ֆինանսավորման հարցում։ ԵՄ աղքատ երկրները փորձում են ավելի մեծ աջակցություն ստանալ։ Ֆրանսիան սեփական գյուղատնտեսական համալիրի համար սուբսիդավորում է ապահովում՝ ստանալով Բեռլինի հակազդեցությունը։

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ առաջիկա յոթ տարիների համար բյուջեի ընդունմանը նվիրված գագաթաժողովը կարող է ավարտվել առանց որոշումների, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»։

Յոթ տարվա բյուջետային ծախսերի համար առաջարկվում է 988 միլիարդ եվրո։ Սպասվում է մինչեւ 1,03 տրիլիոն եվրո եկամուտ։

Եվրամիության գագաթաժողովը մեկ որոշում այնուամենայնիվ կարողացել է ընդունել։ Եվրոպական կենտրոնական բանկի գործադիր խորհրդի անդամ է հաստատվել Լյուքսեմբուրգի թեկնածու Իվ Մերշը, թեեւ Եվրախորհրդարանը ավելի վաղ դեմ էր քվեարկել նրա թեկնածությանը։