Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնն առաջարկել է երկրի անվանումից հանել «Միացյալ Նահանգներ» բառերը։ Նախագահի օրինագիծը խորհրդարան է մտել նոյեմբերի 22-ին։

Նախագահը հայտարարել է, որ երկրի անվանումը հայտնվել է 19-րդ դարում՝ «այլ պետություններին նմանակելու» մղումով։

Երկիրը կոչվել է Մեքսիկական Միացյալ Նահանգներ 1824-ին, երբ անկախություն նվաճեց Իսպանիայից։

Երկրի պաշտոնական ամբողջական անվանումը հանդիպում է մեծամասամբ պաշտոնական փաստաթղթերում եւ թղթադրամի վրա։ Կալդերոնը հիշեցրել է, որ այն գործնականում չի օգտագործվում առօրյայում։ «Ներողություն բառախաղի համար, սակայն Մեքսիկայի անվանումը Մեքսիկա է»,- հայտարարել է նախագահը։