«Նարնջագույն հեղափոխության» 8-րդ տարեդարձի կապակցությամբ Կիեւի Մայդանում տեղի ունեցած ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով։ Վեց մարդ ձերբակալվել է։ Ոստիկանության տվյալներով, նոյեմբերի 22-ին  հրապարակ է եկել մոտ 400 մարդ։ Ցույց անցկացնելու հայտը ներկայացրել էր «Նարնջագույն հեղափոխության մասնակիցների կոալիցիա» կազմակերպությունը։

Ցույցի ավարտին մասնակիցները խորհրդանշանաբար տեղադրել են վրան՝ այն պահելով ձերքերի վրա, քանի որ վրան խփելու իրավունք չունեին։ Դրանից հետո ցույցի մասնակիցները որոշել են անցնել Մայդանի հակառակ կողմը՝ Անկախության հուշարձանի մոտ։ Սական ճանապարհը փակել են ոստիկանները։ Սկսվել է բախում։ Որոշ տեղեկություններով ոստիկանական տեղամաս է տարվել նաեւ ռուսաստանցի լրագրող, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Հրապարակի մոտ տեղակայված են եղել նաեւ «Բերկուտ» ջոկատի եւ ներքին զորքերի ծառայողներ։

2005թ. նոյեմբերին Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրամանագրով նոյեմբերի 22-ը նշվում էր որպես տոնական՝ «Ազատության օրը» (նվիրված «նարնջագույն հեղափոխությանը»), սակայն 2011թ. դեկտեմբերին նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետական տոների օրացույցից հանեց նոյեմբերի 22-ը։