Ոստիկանական համազգեստով զինված մարդիկ Գվատեմալային հայտնի հիվանդանոցներից մեկում գնդակահարել են յոթ մարդու։

Ոստիկանության տվյալներով, մարդասպանների թիրախում է եղել թմրավաճառ Խայրո Արելանան, որը բուժում էր ստանում հիվանդանոցում։ Հարձակվողները սպանել են նարկոբարոնի վեց թիկնապահներին եւ հիվանդանոցի պահակին։ Արելանան չի տուժել, նա կարողացել է թաքնվել, հաղորդում է «ԲալտԻնֆոն»։

Գվատեմալայում գործում են թմրանյութի վաճառքով զբաղվող մի քանի խոշոր խմբավորումներ, որոնք մրցակցում են մեքսիկական «Զետաս» կարտելի հետ։ Կողմերի հակամարտության հետեւանքով վերջին տարիներին սպանվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ։ Նախօրեին դատարանը «Զետասի» ներկայացուցիչներին մեկին դատապարտել է 448 տարվա ազատազրկման։