2003 թվականից ի վեր առաջին անգամ նոյեմբերի 23-ին Վրաստանում պաշտոնապես չի նշվի «Վարդերի հեղափոխության» տարեդարձը։ Ինը տարի առաջ այդ օրը Վրաստանում իշխանության եկավ նոր կառավարություն՝ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ։ Նախագահի պաշտոնից հեռացվեց Էդուարդ Շեւարդնաձեն։
Նշենք, որ նոյեմբերի 23-ին Վրաստանում պաշտոնապես նշվում է «Գիորգոբա» ուղղափառ տոնը։
Newsgeorgia.ru-ին կառավարության մամուլի ծառայությունում հայտնել են, որ «այսօր Վրաստանի կառավարությունը չի նախատեսում նշել այլ իրադարձություններ»։ «Վարդերի հեղափոխությունը» պաշտոնապես չնշելը հաստատել են նաեւ Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունում։
Հաղորդվում է, որ Սուրբ Գեորգիի օրը կամ Գիորգոբան Վրաստանում ամենասիրված կրոնական տոներից է: Այն պետական տոնի կարգավիճակ ունի եւ ոչ աշխատանքային օր է: Տոնական պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում:
Միաժամանակ Facebook սոցցանցում մի քանի օգտատերեր կոչ են անում ժամը 16:00-ին հավաքվել «Վարդերի հեղափոխության» հրապարակում՝ նշելու այդ իրադարձությունը: Հավաքից հետո իրենց «SOS շարժում» անվանող կազմակերպիչները երթ կկազմակերպեն դեպի Հավլաբար թաղամասում գտնվող նախագահական նստավայր:





























