ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գոհաբանության օրը նշել է ընտանիքի հետ, նրանց միացել են նաեւ մտերիմ մի քանի ընկերներ եւ Սպիտակ տան աշխատակիցներ:

Տոնական սեղանին ավանդական տապակած հնդկահավն է եղել, խոզապուխտ, պանրով մակարոն, քաղցր կարտոֆիլ, կարտոֆիլի պյուրե եւ կանաչ ընդեղենով բլիթ: Դեսերտին վեց տարբեր թխվածքներ են եղել՝  բանանով, դդմով, խնձորով, կարտոֆիլով, հապալասով եւ բալով, գրում է rg.ru-ն:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» նշում է, որ հինգշաբթի օրը Օբաման, ավանդույթի համաձայն, շնորհավորել է զինծառայողներին եւ բոլոր հայրենակիցներին:

ԱՄՆ-ում Գոհաբանության օրն ազգային տոն է հռչակվել 1863թ.՝ Աբրահամ Լինքոլնի որոշմամբ:  Ավանդույթը սկզբնավորվել է 1621թ., երբ ներկա Մասաչուսեթս նահանգի տարածքում Պլիմուտի գաղութից առաջին եկվորները բերքահավաքից հետո որոշել են գոհություն հայտնել Աստծուն: Տոնական ընթրիքին հրավիրվել են նաեւ տեղի վամպանոագ ցեղախմբի հնդկացիները, որոնք հետները վայրի թռչուն են բերել, որն էլ հետագայում անվանվել է հնդկահավ: