«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրությունների հետ կապված որոշում չունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Եթե պարոն Ծառուկյանը որոշում ոնենա, կհայտարարի: Ես նման բան չեմ լսել, որ որոշումը ընդունված է, եւ ինչպես դուք եք ասում՝ գրպանում դրված է: Այժմ կուսակցության խորհուրդը ծանոթանում է ակտիվի վերաբերմունքին ԲՀԿ-ի, նրա առաջնորդի մասնակցության վերաբերյալ, անալիտիկ աշխատանք է արվում, ինֆորմացիա են հավաքում, անալիզ են անում, թե ինչպես է տրամադրությունը տարածքներում»,- ասաց նա:
Լյովա Խաչատրյանը եւս մասնակցել է տարածքային կառույցների հետ կայացած հանդիպումներին, օրինակ՝ Արագածոտնի մարզում միաժամանակ որոշում է ընդունվել առաջադրել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Իսկ թե ինչ կարծիք ունի պատգամավորը Գագիկ Ծառուկյանի առաջադրման մասին, նա նշեց. «Գագիկ Ծառուկյանը, ինչպես եւ Խաչատրյան Լյովան, ԲՀԿ անդամ են եւ պատրաստ են ենթարկվելու կուսակցության որոշումներին»:
Պատգամավորն ասաց, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնակցության վերաբերյալ որոշում կընդունի կուսակցության քաղխորհրդի նիստում: Նա չնշեց քաղխորհրդի նիստի օրը՝ ասելով, որ երբ քննարկումները կուսակցության տարածքնեյին կառույցներում ավարտվեն, այդ ժամանակ էլ կլինի նիստը:





























