Microsoft-ը պատմել է ակնոցների ստեղծման ծրագրի մասին, որը շրջակա աշխարհի համայնապատկերի վերաբերյալ իրական ժամանակի ռեժիմով թարմացվող տեղեկատվություն կհաղորդի: Համապատասխան հայցը ներկայացվել է ԱՄՆ-ի պատենտների եւ ապրանքանիշների գրանցման (US Patent and Trademark Office) գերատեսչությանը:

«Օգտվողը հագնում է կիսաթափանցիկ դիսփլեյ, որը թույլ է տալիս միաժամանակ տեսնել շրջապատող իրականությունը եւ լրացուցիչ  տեղեկատվություն ստանալ դրա մասին», - ասված է հայցում:

Օգտվողի տեսադաշտում գտնվող մարդկանց եւ առարկաների մասին տեղեկությունները կարտացոլվեն թվային ակնոցների լինզաներից մեկում կամ երկուսում միաժամանակ,- գրում է gazeta.ru-ն:

Օրինակ, եթե մարդը ֆուտբոլային հանդիպում է դիտում, ակնոցը կարող է ֆուտբոլիստներից յուրաքանչուրի մասին տեղեկություններ հաղորդել:

Ակնոցում կտեղակայվի նաեւ բարձրախոս եւ ճակատային տեսախցիկ՝ տեղի ունեցածի լուսա- եւ տեսանկարահանման համար:

Սարքի համար նաեւ նախատեսվում են ձայնասյուներ, չեզոք սենսորներ եւ ջերմաստիճանի ցուցիչներ: