Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն իրավապաշտպան, Իռլանդիայի քաղաքացի Քոնոր Փրասադին կասկածել է վտանգավոր գործունեության մեջ: Քոնորը International Crisis Group-ի աշխատակից է, որը զբաղվում է «թեժ կետերի» մասին տեղեկատվության հավաքմամբ եւ վերլուծությամբ եւ հրապարակում համապատասխան զեկույցներ:
«Ֆերգանան» գրում է, որ անվտանգության պետական կոմիտեի տեղեկացմամբ, ICG-ի ներկայացուցիչը տեղեկություն էր հավաքում «տարածքային իշխանությունների կողմից բնակչության ուզբեկական հատվածի իրավունքների իբրեւ թե ոտնահարման փատերի մասին, նաեւ էթնիկ ուզբեկներին համոզում էր ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսեւորել»:
Տեղի ուժային կառույցների ներկայացուցիչները խուզարկել են արտասահմանցու մեքենան եւ որոշ նյութեր ու փաստաթղթեր առգրավել, որոնցում քննությունը «ազգամիջյան պայքար, մարդկանց զանգվածային անկարգությունների հրահրող, ինչպես նաեւ հանրապետության ամբողջականությունն ու կայունությունը վտանգող տարրեր է հայտնաբերել»:
Հիշեցնենք, Ղրղըզստանի հարավում երկու տարի առաջ բախումներ էին տեղի ունեցել ղրղըզական եւ ուզբեկական համայնքների միջեւ: Մի քանի հարյուր մարդ էր սպանվել: Ղրղըզստանի իշխանությունները անկարգությունների համար մեղադրել էին ուզբեկական համայնքի առաջնորդներին, նաեւ՝ պաշտոնանկ նախագահ Ղուրմանբեկ Բակիեւի կողմնակիցներին:
2012 թ. սկզբին International Crisis Group-ը Ղրղըզստանի հարավի վիճակի մասին զեկույց էր հրապարակել, որում նշված էր, որ ուզբեկական համայնքի ներկայացուցիչների հանդեպ այնտեղ նախկինի պես խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, ինչը կարող է նոր բախումների հանգեցնել:





























