2012թ. նոյեմբերի 22-ի տվյալներով, Հայաստանում խաղողի վերամշակումը 23,5 տոկոսով գերազանցել է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այսօր՝ նոյեմբերի 23-ին, կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտարարեց, որ այս տարի մթերվել է 157 հազար տոննա խաղող՝ 2011-ի 129 հազարի դիմաց։ Խաղողը գնվել է միջինը 142 դրամով։ Անցած տարի 1 կգ խաղողի միջին գինը եղել է 132 դրամ։
Այս պահի դրությամբ գործարաններն ու արտահանողները վճարել են ձեռք բերած խաղողի 96,8 տոկոսի դիմաց։ Մյուս պտուղների եւ բանջարեղենի մասով վճարումները կազմել են 93,4 տոկոս։
Վճարումը կատարվում է 7-10 բանկային օրվա ընթացքում։ Մնացած պարտքը կազմում է մոտ 1 միլիարդ դրամ։ Գործարարները պարտավորվել են այդ պարտքը մարել մինչեւ դեկտեմբերի 1-ը։
Աճում են նաեւ մրգի եւ բանջարեղենի արտահանման տեմպերը։ Այս տարի Հայաստանից արտահանվել է 28.5 հազար տոննա թարմ բանջարեղեն եւ միրգ։ 2011թ. նոյեմբերի 22-ի տվյալով այդ թիվը կազմել էր 14.2 հազար տոննա, իսկ 2011-ի ամբողջական ցուցանիշը 16.8 հազար տոննա էր։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























