Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը որոշում էկայացրել CNNturk հեռուստաընկերությանը զգուշացում անել՝ ստամբուլահայ լեզվաբան, լրագրող, Սեւան Նիշանյանի հետ հարցազրույցի հետ կապված։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը բազմաթիվ բողոքներ է ստացել բնաչությունից, որ CNNturk-ի «Հակադիր հարցեր» հաղորդման ժամանակ Սեւան Նիշանյանը վիրավորել է Մուհամեդ մարգարեին, իսկ հաղորդավարը շարունակել է հաղորդումը՝ ցույց չտալով պատասխանատու լրատվամիջոցին անհրաժեշտ դիրքորոշում։
Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ CNNturk-ը հիշյալ հաղորդման համար որպես պատիժ ստացել է զգուշացում։
Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանն իր բլոգում գրել էր, թե շատ վաղուց մահացած անձանց ծաղրից եւ վիրավորանքից պաշտպանող իրավական կետեր չկան:
«Եթե կարող ես Հուլիոս Կեսարի դեմ ռեպլիկ անել, տրամաբանորեն կարող ես նույնը անել Մուհամեդի կամ Հիսուսի հանդեպ:
Ցավոք սրտի, մահմեդականության հանդեպ իմ հայացքները դրական չեն: Եւ կարծում եմ՝ իմ այդ հայացքները ուզածս վայրում եւ ուզածս լեզվով արտահայտելու ԻՐԱՎՈՒՆՔ ունեմ»,-գրել էր Սեւան Նիշանյանը:
Նիշանյանն իր այս տեսակետը ներկայացրել էր նաեւ հեռուստաեթերում։





























