Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի մեքենան վթարի է ենթարկվել: Այս տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց հենց Տիգրան Ուրիխանյանը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ` նոյեմբերի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում Թամանյան-Մաշտոց խաչմերուկում: «Pajero IO» մակնիշի 29 ՏՏ 629 համարանիշի ավտոմեքենան, որը կին էր վարում, հարվածել է Տիգրան Ուրիխանյանի վարած «BMW X5» մակնիշի 092 ՕՕ 11 համարանիշի մեքենային: Նա նշեց, որ «սովորական վթար է, նորմալ մարդիկ են, պատահաբար հարվածել են իրար»: Վթարի հետեւանքով տուժողներ չկան, ուղեւորներից ոչ ոք վնասվածք չի ստացել:
Դեպքի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական մարմնի կողմից իրականացվում է համապատասխամ վարույթ եւ համապատասխան գործողություններ` ապահովագրական ընկերությունների կողմից: Տիգրան Ուրիխանյանը հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե փորձել է ազդել ոստիկանների վրա, որպեսզի վարույթ չիրականացնեն: «Դա իրականությանը չի համապատասխանում: Հակառակը՝ ես պնդել եմ, որպեսզի ոստիկանությունը տա եզրակացություն եւ իրականացնի իր օրինական գործառույթները»,- ասաց նա:





























