Դարեյի քաղաքի բնակիչների հիշողությունում հավիտյան կմնան շրջափակման մեջ անցկացրած օրերը եւ իրենց հասցեին հնչած սպառնալիքները: Երբ ավազակները ներխուժել են քաղաք, խաղաղ բնակիչների կյանքը վերածել են դժոխքի, նշվում է ՍԱՆԱ գործակալության ռեպորտաժում:

9-ամյա Քուսեյը դժվար թե շուտ մոռանա, թե ահաբեկիչներն ինչպես էին կրակ բացել իրենց տան ուղղությամբ: Աբիր անունով տասնմեկամյա աղջիկն ամբողջ կյանքում կհիշի ավազակների սպառնալիքները, որոնք առայսօր հնչում են ականջներում:

14-ամյա Մուհամեդը ՍԱՆԱ-ի թղթակցին պատմել է, որ ահաբեկիչներն անկանոն կրակ են բացել իրենց բնակարանում՝ շատ իրեր փչացնելով:

Երբ զինվորները քաղաքը մաքրել են ահաբեկիչներից, տեղի բնակիչները նրանց ուրախ ողջույններով են դիմավորել: Բանակը շատերին է փրկել ահաբեկիչների կողմից կենդանի վահանի վերածվելուց: 

Այն բանից հետո, երբ բանակը տարհանել է Քուսեյի մորը եւ հինգ եղբայրներին, տղան սարսափահար պատմել է. «Ահաբեկիչները կրակ բացեցին մեր տան վրա, երբ մենք ներսում էինք: Տպավորություն էր, որ պատերը կփլվեն»:

Աբիրն էլ պատմել է, թե ահաբեկիչներն իր ընտանիքի անդամներին ինչպես են փակել մեկ սենյակում եւ  զենքով սպառնացել: Բայց, ըստ աղջկա, իրենք հավատում ու սպասում էին, որ բանակն իրենց կփրկի:

Մուհամեդը  ցավով է հիշում, թե ինչպես են ահաբեկիչները ներխուժել իրենց բնակարան եւ պահանջել լքել այն: Նրանք ցանկացել են իրենց բնակարանը կայանի վերածել, որպեսզի այնտեղից կրակեն բանակի զինվորների վրա: «Երբ մենք հրաժարվեցինք հեռանալ, մեզ բոլորին փակեցին մեկ սենյակում: Նրանք անկանոն կրակ են բացել բնակարանում, որպեսզի վախեցնեն մեզ», - պատմել է դեռահասը:

Հանցագործները չեն խնայել նույնիսկ  սրբերին, կոտրել են մզկիթներից մեկի դուռը եւ ամբողջովին թալանել այն: Բացի դրանից, շատ խանութներ վերածել են պայթուցիկների պատրաստման արհեստանոցների: Բայց չէ՞ որ շատ ընտանիքների համար այդ խանութները նյութական շահույթի միակ  աղբյուրն են եղել:

Նորակառույցների նկուղները բանտերի էին վերածվել, որտեղ տանջում էին առեւանգած քաղաքացիներին: Այդ մարդկանց միակ մեղքն այն է եղել, որ նրանք սիրել են  հայրենիքը կյանքից ավելի եւ հավատարիմ մնացել նրան նույնիսկ այն ժամանակ, երբ «ընդդիմությունը» իրենց քաղաք է ներխուժել, նշվում է ՍԱՆԱ-ի թողարկման մեջ: