Ադրբեջանի Մեդիայի իրավունքների ինստիտուտը (ՄԻԻ) ադրբեջանցի հայտնի հրապարակախոս Ռաֆիկ Թաղիի սպանության տարին լրանալու նախօրեին հայտարարություն է տարածել, որում այդ հրեշավոր հանցանքը որակել է Ադրբեջանում արտահայտման ազատությանը հասցված ծանրագույն հարված:
Թաղիի վրա դանակով հարձակվել էին 2011թ. նոյեմբերի 19-ին: Չնայած վիրահատությանը եւ վիճակի կայունացմանը, չորս օր անց հրապարակախոսը մահացել էր:
Փաստաբաններն ու Թաղիի մերձավորները բազմիցս կասկած են հայտնել քննության անկողմնակալության վերաբերյալ: Հասարակական խմբի անցկացրած հետաքննությունը պարզել է, որ հարձակման տարածքում 20-ից ավելի հսկող տեսախցիկներ կան: Սակայն պաշտոնական քննությունը չի ցանկացել համագործակցել խմբի հետ եւ տրամադրել տեսագրությունները:
Շատ հարցեր է հարուցում նաեւ հանգուցյալի փաստաբանների մի շարք միջնորդությունները բավարարելու մերժումը: Բացի այդ, քննությունը հրաժարվել է ընտանիքին եւ փաստաբաններին տրամադրել Թաղիի հիվանդության պատմությունը:
Թաղին մահվանից ոչ շատ առաջ «Իրանը եւ գլոբալիզացիայի անխուսափելիությունը» խորագրով հոդված էր գրել, որում քննադատել էր Իրանի վարչակարգին: Թաղիի սպանությունը ողջունել էր իրանական հոգեւոր առաջնորդ շեյխ Մոհամեդ Ջավադ Լյանքյարանին:
2006թ. նոյեմբերի 16-ին «Մենք եւ Եվրոպան» հոդվածի համար, որը հարուցել էր մահմեդականների դժգոհությունը, Ռաֆիկ Թաղին եւ «Սանատ» թերթի խմբագիր Սամիր Սադաղաթօղլուն ձերբակալվել էին: 2007թ. մայիսին Սադաղաթողլուն եւ Թաղին դատապարտվել էին համապատասխանաբար չորս եւ երեք տարվա ազատազրկման՝ միջկրոնական ատելություն հրահրելու մեղադրանքով:
Սակայն Ադրբեջանի որոշ լրագրողներ կասկածի տակ են դնում «իրանական հետքը»: Նրանց կասկածները հիմնավորվում են գործի քննության պասիվությամբ եւ այն բացահայտելու ցանկության բացակայությամբ՝ չնայած որ այն վերահսկվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից, հաղորդում է contact.az-ը:





























