Հանրությունը պետք է գնահատի Խոսրովի արգելոցի տնօրենի թեկնածուներին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 23-ի մամուլի ասուլիսում նշել են «Խոսրովի արգելոց» եւ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ Մերի Խաչատրյանը, Եղիա Ներսեսյանը եւ Աննա Շահնազարյանը:
«Մեզ անհանգստացնում է այն, թե բնապահպանության նախարարությունն ինչպես է պատրաստվում անցկացնել մրցույթը: Պահանջում ենք հրապարակել բոլոր թեկնածուների անունները, որպեսզի հանրությունը գնահատելու հնարավորություն ունենա: Նրանցից մեկն անգամ բարձրագույն կրթություն չունի եւ որսագողությամբ է զբաղվում», - ասել է Աննա Շահնազարյանը:
Ըստ ակտիվիստների՝ իրենք ունեն նաեւ սեփական թեկնածուներ, սակայն նրանց առաջադրել արդեն չեն կարող, քանի որ նախարարությունը հայտերի ներկայացման ժամկետը ժամանակին չէր հրապարակել:
Նշենք, մրցույթի հայտարարությունը գերատեսչության կայքում տեղակայվել էր հոկտեմբերի 18-ին, հայտերի ներկայացման ժամկետն ավարտվում է այսօր: Երկու շաբաթ առաջ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի արգելոց այցի ընթացքում ակտիվիստները փակել էին ճանապարհը՝ նստելով եւ պառկելով մեքենաների առաջ: Ակտիվիստները պահանջում են բացառել արգելոցի ցանկացած առեւտրականացումը (հյուրանոցներ, ռեստորան) եւ դրա տարածքում անկազմակերպ զբոսաշրջությունը:




























