Ադրբեջանի ղեկավարությունն իր գործողություններով ջուր է լցնում հայկական կողմի ջրաղացին, հայտարարել է ՀԿԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը նոյեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում։

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով, Ադրբեջանում հակահայկական հիստերիան անցել է բոլոր հնարավոր սահմանները։ Հայատյաց հայտարարությունները Ադրբեջանի նախագահը տարածում է նույնիսկ սոցիալական ցանցերում։ Այդ հարաբերությունները թեեւ նախատեսված են ներքին սպառման համար, սակայն բացասական գնահատականի են արժանանում միջազգային ասպարեզում, որտեղ խորանում է մտայնությունը, որ Ղարաբաղը ոչ մի ձեւաչափով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Զաքարյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանը, օգտագործելով նավթադոլարներն ու «սեւ խավյարի» քաղաքականությունը, շարունակում է փորձերն՝ ապահովել միջազգային կառույցներում ղարաբաղյան հակամարտությունը էությունը խեղաթյուրող ձեւակերպումներով փաստաթղթերի ընդունումը։

Սակայն վերջին շրջանում երեւում է, որ ադրբեջանական կողմին այլեւս շատ բարդ են տրվում այդպիսի փաստաթղթերը. «Դրա պատճառը համակարտության էության վերաբերյալ միջազգային կառույցների անդամների իրազեկված լինելն է։ Այդ իրազեկվածությանը նպաստել է նաեւ ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը»։

Թուրքիայի հայտարարությունները, թե Հայաստանը «օկուպանտ» է՝ Զաքարյանի կարծիքով, լրացում են Ադրբեջանի հակաքարոզչությանը։ Պատգամավորի խոսքով, Թուրքիան մինչեւ այսօր չի կարողանում հիմնավորել հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելը եւ Հայաստանի հետ հարաբերությունները չնորմալացնելը։ Անկարան իր հայտարարություններով ձգտում է պայմանավորել հայ-թուրքական գործընթացը երրորդ երկրի հետ հարաբերություններով, ինչը անընդունելի է եւ չի կարող համարվել կառուցողական մոտեցում։