Երեւանի բնակիչները բանջարեղեն եւ միրգ կկարողանան գնել անմիջապես գյուղացուց ընդհուպ մինչեւ Ամանոր։ Այդ մասին նոյեմբերի 23-ին կայացած ասուլիսում հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Նրա խոսքով, այժմ Երեւանի քաղաքապետարանում քննարկվում է երրորդ գյուղատնտեսական տոնավաճառի բացման հնարավորությունը։ «Կասյանի փողոցի սկզբնամասում եւ «Այրարատ» կինոթատրոնի մոտ գործող տոնավաճառներն այս տարի մեծ ժողովրդականություն ունեին»,- արձանագրեց Մակարյանը։ Հանգստյան օրերին գործող այդ տոնավաճառներում օրական վաճառվում է 55-60 տոննա բանջարեղեն եւ միրգ՝ յուրաքանչյուրում։ «Մենք ցանկանում ենք, որ գյուղացիները ինքնուրույն վաճառեն եւ վերավաճառողներին մթերք չհանձնեն։ Քաղաքի բնակիչներն էլ կկարողանան թարմ միրգ ու բանջարեղեն գնել»,- նշեց փոխնախարարը։ Քաղաքապետարանի հետ պայմանավորվածության համաձայն, տոնավաճառները կգործեն մինչեւ Նոր տարի։