Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարություններում վրացական ժողովրդավարության համար տագնապալի ազդանշաններ է տեսնում: Այդ մասին ասված է նոյեմբերի 22-ին վարչապետի մամուլի ասուլիսի առթիվ Բոկերիայի տարածած հաղորդագրությունում:

Ըստ Բոկերիայի՝ Իվանիշվիլին շատ թափանցիկ, ուղիղ եւ հստակ ասաց հետեւյալը. Ձերբակալությունների դրդապատճառը ոչ թե արդարության համար պայքարն է կամ որեւէ հանցագործության հետաքննությունը, այլ բորբոքվածությունն այն փաստից, որ Ազգային շարժումն իբրեւ քաղաքական ուժ գոյություն ունի, գրում է «Գռուզիա Օնլայնը»:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացել էր վարչապետի պաշտոնում Բիձինա Իվանիշվիլիի առաջին մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա հայտարարել էր, որ կատարել է իր նախընտրական խոստումը՝ երկրում արդարությունը վերականգնվել է: Նա խոստացել էր շարունակել կադրային զտումները, սակայն հայտարարել էր, որ  նախագահին իմպիչմենտ չի հայտարարվի, եւ որ «Վրացական երազանքը» փորձում է հասնել սահմանադրական փոփոխությունների արագ ուժի մեջ մտնելուն, որոնք ենթադրում են Վրաստանի անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: