Անօդաչու թռչող սարքերի նախագծումն ու արտադրությունը Հայաստանում հեռանկարային ուղղություն է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: «Ներկայում սարքերի չափերը շատ են փոքրացել, բարձրանում են ուղղաթիռի նման ու այնպիսի նյութերից են պատրաստվում, որ ռադարների կողմից չեն հայտնաբերվի: Նախկինում չափի վրա էին աշխատում, հիմա մեծ նշանակություն ունի նաեւ օգտագործվող նյութը»,- ասաց Բ. Ենգիբարյանը: Իրենց չափերով լինելով փոքր՝ նոր սերնդի անօդաչու թռչող սարքերը նույնիսկ հայտնաբերելու դեպքում բավական դժվար է ոչնչացնել:
Սակայն, Բ. Ենգիբարյանի տեղեկացմամբ, անօդաչու թռչող սարքերը շատ օգտագակար են նաեւ ոչ ռազմական նպատակներով օգտագործելու դեպքում: Վերջերս դրանք հատկապես շատ են օգտագործվում տարբեր տեսակի մշակութային փառատոնների ժամանակ: Օրինակ՝ Կաննի փառատոնում հայտնի դերասան-դերասանուհիների անվտանգության համակարգերը վերահսկվում էին հենց անօդաչու թռչող սարքերի միջոցով:
«Հայաստանը երկու մասով կարող է շուկա ունենալ։ Նյութաբանությունն այստեղ շատ լավ զարգացած է ու կարող է անօդաչու թռչող սարքերի համար անհրաժեշտ նյութերը ստեղծել ու արտադրել: Երկրորդը՝ հենց թռչող ապարատների արտադրությունն է, եթե իդենտիֆիկացիայի խնդիրը լուծվի»,- ասաց Բ.Ենգիբարյանը: Նա բարձր գնահատեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործունեությունը, որի ջանքերով Հայաստանում զգալի հետաքրքրություն է ստեղծվել անօդաչու թռչող սարքերի նկատմամբ:





























