Սպառազինության յուրաքանչյուր կուտակում ռիսկեր եւ, ամենայն հավանակությամբ, նաեւ գայթակղություն է առաջացնում օգտագործել այն, հատկապես նրանց մոտ, ովքեր կցանկանային առավել ակտիվ գործարկել արտաքին ուժային գործոնը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսում նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռային համալիրների հնարավոր տեղակայման շուրջ ստեղծված իրավիճակը: Նա հայտնել է, որ մտադիր է այդ հարցը հեռախոսով քննարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

«Մենք լսում ենք հայտարարությունները, որոնք հնչում են ՆԱՏՕ-ի մեր գործընկերների կողմից: Ի դեպ, այսօր, երկու ժամ անց ես հեռախոսազրույց պետք է ունենամ Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, նա է խնդրել, երեւի ցանկանում է ներկայացնել իր դիրքորոշւմն այդ հարցում: Ես, բնականաբար, կլսեմ: Ես հասկանում եմ, որ ոչ ոք մտադրություն չունի ՆԱՏՕ-ականներին ներքաշել սիրիական ճգնաժամի մեջ»,-ասել է Լավրովը:

«Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա եւ արտաքին խաղացողները առավելագույնս պատասխանատվությամբ կմոտենան տարածաշրջանում տեղի ունեցողին… Ցավոք սրտի, թուրք-սիրիական սահմանին միջադեպեր են գրանցվել, այնտեղ պահպանվում է լարվածությունը եւ մենք ինքներս մեզ համար թակարդներ ստեղծելով, պարզապես կարող ենք զառիթափով ցած գլորվել»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանում հասկանում են Թուրքիայի անհանգստությունն իր սահմանների անվտանգության հարցում, սակայն կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած սադրանքի ստեղծումից, այդ թվում թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռների տեղակայումից, որոնք կարող են տարածաշրջանում հակամարտության վերսկսման առիթ դառնալ:

Հիշեցնենք, որ Թուրքիան երկու օր առաջ պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով իրենհրթիռային Patriot հրթիռներ տրամադրել Սիրիայի հետ 900 կմ-անոց սահմանին տեղակայելու նպատակով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Անկարայի հայտը անհապաղ կքննարկվի: