Հայաստանը դարձել է Եվրամիության Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 40-րդ անդամը: Եվրոպական այս կարեւոր կառույցին Հայաստանի անդամկացության մասին հայտարարվել է Ստրասբուրգում` նոյեմբերի 6–9-ը կայացած Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 20-ամյակին նվիրված գիտաժողովի եւ գործադիր խորհրդի նիստի ժամանակ: Հայաստանը ստրասբուրգյան հանդիպանը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ով եւ հանդես է եկել մեր երկրի այդ կառույցին անդամակցելու կարեւորության եւ նպատակների մասին շնորհակալական խոսքով:
Ազգային կինոկենտրոնի տնօրենը ասել է, որ 20-ամյա աշխատանքային կենսագրություն եւ հստակ սահմանված առաքելություն ունեցող այս կառույցը կարեւորագույն աշխատանք է կատարում կինոյի եւ տեսալսողական արդյունաբերության այլ ճյուղերում` օգնելով այդ բնագավառի մասնագետներին: Տեսալսողական օբսերվատորիայի փորձագետների իրականացրած հետազոտությունները արժեքավոր են եւ կարեւոր դեր ունեն միջազգային ասպարեզում: Այս առումով, Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա զանգվածային տեղեկատվության եվրոպական մասնագետներին ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն եւ անցկացնելու իրավական դաշտի վերլուծություն` Հայաստանի տեսալսողական սեկտորում:
Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի ստրասբուրգյան հավաքի ընթացքում, ի թիվս շատ հարցերի, քննարկվել է նաեւ չափազանց կարեւոր եւ խիստ արդիական` «Թվային դարաշրջանում լրատվամիջոցների համակենտրոնացում» թեման: Թեմայի շուրջ ծավալված քննարկման ընթացքում արծարծվել են ԶԼՄ - ների համակենտրոնացման անխուսափելիության, վերլուծվել դրանց հնարավոր լուծումները, քննարկվել նոր թվային հարթակների եւ դրանց ազդեցության հարցերը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել թվային գլոբալ շուկայի զարգացմանը:
Հիշեցնենք, որ Եվրոպական տեսալսողական օբսերվատորիան հիմնադրվել է 1992 թվականին, այն հանրային ծառայության մի կառույց է, որը բաղկացած է Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված` Եվրամիության անդամ երկրներից եւ նպատակ ունի տեղեկատվություն հավաքելու եւ տարածելու Եվրոպայի տեսալսողական արդյունաբերության վերաբերյալ: Օբսերվատորիան գործում է Եվրոպայի խորհրդի իրավական շրջանակներում եւ աշխատում է մի շարք գործընկեր կազմակերպությունների ու տեսալսողական արդյունաբերության ոլորտի մասնագետների, ինչպես նաեւ թղթակիցների ցանցի հետ: Գիտաժողովներ կազմակերպելուց զատ օբսերվատորիան հրապարակում է տեղեկատվական զեկույցներ եւ տեղեկագրերի տարեկան գրքեր: Եվրոպական տեսալսողական օբսերվատորիան գրանցում է տվյալների բազաները եւ տեղեկություններ է տրամադրում www.obs.coe.int ինտերնետային կայքի միջոցով:





























