Ուկրաինայի Գերագույն ռադայում շատ արդիական հարց են քննարկում, հաշվի առնելով այդ երկրի խորհրդարանում հաճախ տեղի ունեցող բախումները: Խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինն առաջարկել է արգելել նիստերի դահլիճ բերել օտար մարմիններ:

Նրա խոսքով, արգելքը կվերաբերի «խորհրդրդարանական գործունեության հետ կապ չունեցող» առարկաներին: Աշխատանքային խմբին կառաջարկվի համապատասխան որոշման նախագիծ պատրաստել, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Արժե նշել, որ Ուկրաինայի խորհրդարանում հաճախ են բախումներ տեղի ունենում, երբ ընդդիմությունը ակցիաներ է կազմակերպում, փորձելով ձախողել այս կամ այն օրինագծի ընդունումը, իսկ իշխող ուժի պատգամավորները դրանց բռնությամբ են արձագանքում:

Այդ ակցիաների ժամանակ տարբեր առարկաներ են օգտագործվում: Այսպես, յուլյա Տիմոշենկոյի գլխավորած բլոկի պատգամավորները ժամանակին ազդանշանային համակարգեր են օգտագործել, որն անհնար էր դարձնում խորհրդարանի աշխատանքը:

2010-ի ապրիլին, այսպես կոչված «խարկովյան համաձայնագրերի» քվեարկության ժամանակ ծուխ արձակող սարք են նետել նիստերի դահլիճում: Բացի այդ, մի անգամ Գերագույն ռադայի խոսնակի վրա ձվեր են նետել, որից հետո Լիտվինը ստիպված է եղել նիստը շարունակել հովանոցով պաշտպանվելով:

Խորհրդարանի խոսնակի այս նախաձեռնությունում չի հստակեցվում, թե ով է որոշելու՝ առարկաներն «օտար» են, թե՝ ոչ: Հայտնի չէ, նաեւ, թե ինչպես են որոշելու՝ պատգամավորի մոտ «օտար» առարկաներ կան, թե՝ ոչ: