Հայաստանի ոստիկանության Վիզաների եւ անձնագրերի որոշ բաժիններում նույնականացման քարտերի ստացումը վերածվել է իսկական տառապանքի: NEWS.am-ում ստացված ահազանգերից մեկն ստացվել է Երեւանի Մալաթիայի բաժնից: Ցանկալի նույնականացման քարտն ստանալու համար անհրաժեշտ է օրեր անցկացնել բաժնի աշխատակիցների հետ: մարդիկ ստիպված են օրերով կանգնել հսկայական հերթերում:
Առավոտյան ժամը 9-ին այցելելով ոստիկանության համապատասխան բաժին, դուք հայտնվում եք հերթի 5-րդ տասնյակում: Եթե բաժին այցելեք կեսօրին, հնարաավոր է հայտնաբերեք, որ առավոտվա հերթի ցուցակն այլեւս գոյություն չունի եւ գործում է նորը, որտեղ դուք այլեւս չկաք:
Բացի այդ, ժամանակ առ ժամանակ կորում է ինտերնետ կապը, ինչը, բնականաբար, արդարացի պատճառ է աշխատանքը դադարեցնելու համար: Դրան ավելանում է բաժնի աշխատակիցների անհարգալից վերաբերմունքն այցելուների նկատմամբ:
Ոստիկանության Վիզաների եւ անձնագրերի վարչության աշխատակիցներին զանգահարելու փորձերը դեռեւս հաջողությամբ չեն պսակվում:





























