Սիրիայի ԱԳՆ-ում պատասխանատու աղբյուրը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը նոր սադրիչ քայլ է կատարել Սիրիայի նկատմամբ: Այդ երկիրը դիմել է ՆԱՏՕ-ին՝ կոչ անելով թուրք-սիրիական սահմանի երկայնքով Patriot հրթիռային համալիրներ տեղակայել, փորձելով դրանով թյուրիմացության մեջ գցել թուրք հասարակությանը, որ իբր Սիրիայի կողմից վտանգ կա, հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը:

Աղբյուրը նշել է, որ Էրդողանի կառավարությունն արդեն Սիրիայի հետ սահմանին բանակային ստորաբաժանումներ է կենտրոնացրել, իսկ իր երկրի տարածքը տրամադրել է հազարավոր սիրիացի եւ ոչ սիրիացի ահաբեկիչների նախապատրաստման, մարզման եւ զինման համար:

Աղբյուրը հավելել է, որ Սիրիան թուրք-սիրիական սահմանին իրավիճակի ռազմականացման եւ լարվածության մեծացման պատասխանատվությունը դնում է բացառապես Թուրքիայի կառավարության վրա:

Աղբյուրը պնդել է, որ Թուրքիայի քաղաքացիներն անհանգստանալու ոչ մի հիմք չունեն, քանի որ Սիրիան հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունն եւ տարածքային ամբողջականությունը: