Թբիլիսիի քաղաքային դատարանն, այսօր՝ նոյեմբերի 23-ին, NCC շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի (Գեգի) Քելբակիանիի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 150 հազար լարի (շուրջ 90 հազար դոլար) գրավի դիմաց ազատ արձակումը, իսկ նույն ընկերության ֆինանսական մենեջեր Արչիլ Չոգովաձեի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հիշեցնենք, որ Քելբակիանին եւ Չոգովաձեն ձերբակալվել էին նոյեմբերի 21-ին: Նրանք մեղադրվում են կազմակերպված խմբի կողմից անօրինական եկամուտների օրինականացման (փողերի լվացման), որն ուղեկցվել է առանձնապես խոշոր չափերի եկամուտների ստացմամբ: Նման հանցագործության համար նախատեսվում է 9-12 տարվա ազատազրկում:

Այս գործով նախնական լսումները տեղի կունենան 2013 թվականի հունվարի 16-ին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանում նոյեմբերի լույս 21-ի գիշերը ձերբակալվել են շինարարական NNC ընկերության գլխավոր տնօրեն Գեգա Քելբակիանին եւ ֆինանսների կառավարիչ Արչիլ Չոգովաձեն:

«Նովոստի Գռուզիայի» տվյալներով, Քելբակիանին եւ Չոգովաձեն ութժամյա հարցաքննությունից հետո տեղափոխվել են քննչական մեկուսարան:

Վերջերս NCC շինընկերությունն օբյեկտներ էր կառուցում Հին Թբիլիսիում: Նախկինում Գեգա Քելբակիանին «Թբիլվոդիի» գլխավոր տնօրենն էր եւ արդյունաբերական «Գռուզիա» խմբի կառավարիչ: