Դեղերի շուկայում գնային մեծ տատանումներ չկան; Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նրա տեղեկացմամբ՝ կան դեղեր, որոնք 6-8%-ով թանկացել են, կան, որ էժանացել են, իսկ շուկան, ընդհանուր առմամբ, կայուն է: Ներկայումս քննարկվում է «Դեղերի մասին» օրենքի փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է արգելել դեղատներին՝ 25%-ից ավելի բարձրացնել դեղի ձեռքբերման արժեքը: Սակայն, ըստ Ս. Զաքարյանի, նման սահմանափակումները փոքր շուկաներում միշտ չէ, որ արդյունավետ են եւ կարող են նպաստել ստվերայնության աճին:
Նշենք, որ դեղերի շուկայում ուսումնասիրություններ իրականացնում է նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը NEWS.am-ին ասաց, որ ուսումնասիրությունները դեռ ավարտված չեն, դրանց արդյունքների մասին կտեղեկացնեն ավարտից հետո միայն:





























