Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբի Բերին չեղյալ է հայտարարել օրենսդիր մարմնի նիստը, որը պետք է տեղի ունենար ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ դրա փոխարեն ճաշ կկազմակերպվի: Այս մասին գրում է լիբանանյան «The Daily Star»-ը:
«Հաշվի առնելով, որ նախարարների եւ պատգամավորների մեծ մասը մասնակցում են Վատիկանում Լիբանանի օրերին՝ կապված պատրիարք Բեշար Ռաիի կարդինալ նշանակելու հետ, խոսնակը որոշել է փոխել խորհրդարանական նիստի մասին իր որոշումը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 27-ին եւ ընդուներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին»,-ասվում է Բերիի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Այդուհանդերձ, մասնակիցները նույն օրը կհրավիրվեն Բերիի նստավայր՝ ճաշի, որպեսզի պատվեն հայ պաշտոնյային:
Հիշեցնենք, որ Լիբանանի խորհրդարանի նոյեմբերի 27-ին հրավիրվելիք նիստը վիճաբանություն է առաջացրել, հաշվի առնելով, որ ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները: Ընդդիմությունը խոսնակին մեղադրել է իրենց դժվար դրության մեջ դնելու մեջ:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-27-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Լիբանան, որի ընթացքում կհանդիպի այդ երկրի նախագահ Միշել Սուլեյմանի, վարչապետ Նաջիբ Միկատիի եւ խորհրդարանի խոսնակ Նաբի Բերիի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը պետք է ելույթ ունենա Լիբանանի խորհրդարանում:
Լիբանանյան ընդդիմությունը հայտարարել էր, որ կբոյկոտի նոյեմբերի 27 –ին նախատեսված խորհրդարանական լսումները, որի ժամանակ նախատեսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: «Լիբանանի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատգամավոր, «Մարտի 14-ի կոալիցիայի» անդամ Միրվան Համադեհը հայտարարել էր, որ իրենց բոյոկոտն ուղղված չէ Հայաստանի նախագահի դեմ: «Խորհրդարանի նիստի բոյկոտն ուղղված չէ հայաստանցի հյուրին»,-հավաստիացրել էր նա:
Ընդդիմադիր գործիչը նշել էր, որ կոալիցիան չի մասնակցի կառավարության հետ խորհրդակցություններին այնքան ժամանակ, քանի դեռ կաբինետը հրաժարական չի տվել:
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով հատուկ ծառայությունների ղեկավարներից մեկի սպանությունը սրել էր լարվածությունը արեւմտամետ հակասիրական «Ալ Մուստաբաքլ» շարժման եւ «Հըզբոլահի» մեջ, որից էլ կազմված է ներկայիս կառավարության կորիզը: Կառավարող կաբինետի եւ ընդդիմության միջեւ խորհրդակցությունները նախատեսվում էին նոյեմբերի 12-ին, սակայն հետո տեղափոխվել է նոյեմբերի 29-ը:




























