Եգիպտոսում իրավիճակը լարվում է ժամ առ ժամ. ազատական ժողովրդավարական ուժերը պահանջում են երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականըԽ Նրանց փորձում են դիմակայել երկրի ներկա ղեկավարության կողմանկիցները:

Խոշոր քաղաքների փողոցները լի են տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող ակտիվիստներով. Նրանք հանդես են գալիս Մուրսիի գործողությունների դեմ եւ կարգախոսներ բացականչում. «Ժողովուրդն ուզում է տապալել ռեժիմը», «Հեռացիր, հեռացիր»:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների պատճառ է դարձել նախօրեին հրապարակված «Հեղափոխության պաշտպանության մասին» օրենքը: Փաստաթուղթը նախատեսում է նախագահի լիազորությունների զգալի ավելացում:

«Նախագահն իրավունք ունի ընդունել ցանկացած որոշում, պաշտպանելու համար մեր հեղափոխությունը»,-իրենց հերթին նշում են նախագահի կողմանկիցներն ու իշխանության ներկայացուցիչները:

Օրենքից դժգոհ քաղաքացիները Կահիրեի փողոցում «Միլինոնների երթ» են կազմակերպել, որը կոչել են նաեւ «Նախազգուշացման եւ զայրույթի ուրբաթ», հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Երթը գլխավորել են երկրում առավել հայտնի ազատական ժողովրդավարական ընդդիմության գործիչները՝ ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար, «Ադ Դուստուր» կուսակցության հիմնադիր Մուհամեդ ալ-Բարադեյը, Արաբական երկրների լիգայի նախկին ղեկավար, «Կոնգրես» կուսակցության գլխավոր քարտուղար Ամր Մուսան եւ նախագահի ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած, «Եգիպտոսի ժողովրդական շարժման» ղեկավար Համդեյն Սաբահին:

Միաժամանակ Թահրիրի հրապարակից մի քանի կմ հեռավորության վրա հանրահավաք են կազմակերպել նաեւ իսլամիստական շարժումների կողմնակիցները:

Միաժամանակ, Եգիպտոսի մի շարք քաղաքներում խաղաղ երթերը վերաճել են նախագահի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումների: Այսպես, ցուցարարներն հրդեհել են «Եղբայր մուսուլմաններ» շարժման գրասենյակներն Ալեքսանդրաիայում, Սուզում, Պորտ Սայիդում եւ Իսմայիլիայում:

Ալեքսանդրիայում զանգվածային բախումների հետեւանքով տուժել է, առնվազն, 15 մարդ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ ժողովրդավարական բարեփոխումների հարցերով օգնական Սամիր Մարկուսը (քրիստոնյա) հրաժարական է տվել՝ դրանով իր բողոքն արտահայտելով նախագահի վերջին հրամանագրերի դեմ: